«Եթե Էջմիածնի դեպքերում գեներալ Մանվել Գրիգորյանը մեղավոր է, ապա ինքը խստագույնս պետք է պատժվի…». Գառնիկ Իսագուլյան

«Էջմիածնում ողբերգություն կատարվեց, Գյումրիում ողբերգություն կատարվեց. Գյումրիի ողբերգությունը գաղջ մթնոլորտի արդյունքն է՝ համընդհանուր գաղջություն և կրիմինալի ինչ-որ նոր շարք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ Էջմիածինն ուղղակի փորձաքար է, թե մեր հասարակությունն ուր է գնում, այն խոստումնալից փոփոխությունները լինելո՞ւ են, թե՞ ոչ, նախաքննությունը պաշտպանելո՞ւ է արդարի շահը, թե՞ ոչ. «Այս ամենին մենք կծանոթանանք մի երկու ամսից, սա կձգձգվի այնքան, մինչև մենք մոռանանք դրա մասին։ Ամոթ է, էլի, մի քաղաք է, էլի, այն էլ սուրբ քաղաք է, մենք սուրբ քաղաքում ծեծուջարդեր ենք պարբերաբար կազմակերպում, հետո խոսում ենք արդարությունից, ասում ենք՝ էջմիածինցի՛, մի թող գնա այդտեղից, մնա՝ ապրի»։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ ավանդույթ է ձևավորված, որը գործում է մինչև այսօր՝ 1990-ական թվականներից. «Մենք՝ որպես հասարակություն, ինքներս կամովին շատ տեղերում մեր լիազորությունը տալիս ենք ուրիշներին, հետո, երբ տեսնում ենք՝ վիճակը նեղանում է, սկսում ենք պայքարել այդ իրավունքի համար, բայց պարզվում է՝ արդեն այնքան ենք խորացրել, որ հետ բերելը բավականին դժվարացել է։ Եթե Էջմիածնի դեպքերում գեներալ Մանվել Գրիգորյանը մեղավոր է, ապա ինքը խստագույնս պետք է պատժվի, եթե Խաչատրյան Սուրիկը Սյունիքում մեղավոր է, ապա պետք է խստագույնս պատժվի, բայց նախևառաջ՝ հասարակությունը պետք է պատրաստ  լինի իր իրավունքների համար պայքարելու»։

Տեսանյութեր

Լրահոս