ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենք է ընդունել
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը Ուկրաինային աջակցող օրենք է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Դրանում կետ է ներառված, որ օրենքը գործելու է 5 տարվա ընթացքում՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, հայտնում է rbc-ն։
Ներկայացուցիչների պալատի կողմից օրենքի միաձայն ընդունման մասին տեղեկացրել է դրա նախաձեռնողներից մեկը՝ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատժամիջոցները թուլացնելու համար պետք է հետևի Մինսկի պայմանավորվածություններին, այն է՝ Ուկրաինային հնարավորություն տա վերահսկել իր արևելյան սահմանները ողջ երկայնքով։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները գործելու են, քանի դեռ այդ շրջանը չի վերադարձել Ուկրաինային։
Բացի այդ՝ խստացվելու են պատժամիջոցային ռեժիմի հսկման մեթոդները։ Օրենքը նախատեսում է բանկերի մասին հաշվետվությունների հավաքում, որոնք անօրինական կերպով վերահսկում են ուկրաինական ակտիվները, խոսքը մասնավորապես Ղրիմում ռուսական բանկերի մասին է։
Էնգելի խոսքով՝ օրենքում պարունակվում են դրույթներ, որոնք բարդացնում են Ռուսաստանի համար սարքավորումների կամ պաշտպանական նշանակության ծառայությունների ձեռքբերումը ՆԱՏՕ-ի անդամներից, պատժամիջոցներ է առաջարկվում սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ կասկածվող անձանց նկատմամբ։
Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը մշակել ռուսական քարոզչության դեմ պայքարի համընդհանուր ռազմավարություն։
H.R. 5094 օրինագիծը հավանության էր արժանացել հուլիսին Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից։ Օրենքն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատվի Սենատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից։