«Այնպիսի կառավարիչ պետք է ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, դեռ մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար այնպիսի կառավարչի ընտրելը, որը կկարողանա այն այնպես շահագործել, որ ստանա եկամուտ և նույնիսկ հարկեր վճարի պետությանը:
Կառավարությունը համալիրին հատկացրեց 9 միլիոն դրամ` բնականոն գործունեության ապահովման նպատակով: Կարեն Կարապետյանը նախագիծը ներկայացրած Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հարցրեց, թե ինչ լիազորություններ ունի Մարզահամերգային համալիրի կառավարիչը, որին ի պատասխան Սահակյանն ասաց, թե կառավարիչն, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը:
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ պետք է ընտրել այնպիսի կառավարիչի, որը կկարողանա շահույթ ստանալ:
Միաժամանակ, վարչապետը նկատեց, որ այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ նրանք ինքնաֆինանսավորվում են:
«Այնպիսի կառավարիչ պետք է ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, դեռ մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»,- ասաց Կարապետյանը: