«Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում մարդու իրավունքների սարսափելի վիճակի համար». Freedom House-ի պատասխանը՝ Ալիևին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որը նա արել էր սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է Turan-ը, հղում կատարելով կազմակերպության կայքին, Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարության մեջ կոշտ քննադատության է ենթարկել Ալիևի կառավարությանը։
«Նախագահ Իլհամ Ալիևը ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում մարդու իրավունքների սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների կալանավորումների համար»,- ասված է հայտարարությունում:
Իր հայտարարության մեջ Դենիել Կալինգաերտն ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքը՝ կապված Ադրբեջանի հետ։
«Freedom House-ը կշարունակի իր ջանքերը, որպեսզի ուշադրություն հրավիրի Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների դեպքերի նկատմամբ»,- ասել է նա:
Ալիևը սեպտեմբերի 20-ին ընդունել էր ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը։ Այդ հանդիպմանը նա կազմակերպությանը մեղադրել էր կանխակալ վերաբերմունքի մեջ։
Ալիևը Freedom House-ին մեղադրել էր «հայամետ դիրքորոշման» մեջ։