«Մենք պետք է բաժանվենք այդ 800 հեկտարի և զորահանդեսի միջև, և տեսնենք, թե ինչու այդ տեխնիկան լռեց չորս օր շարունակ». Գուրգեն Եղիազարյան

«Անկախության 25-ամյակին շքերթ անելը որևէ բանի հետ չեմ կապում, թեպետ կարող են լինել նաև որոշակի մեսիջներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով երեկ Երևանում տեղի ունեցած՝ Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի մասին։

Նա նշեց, որ դա ինչ-որ առումով՝ և՛ ժողովրդին էր հաճելի, և՛, ինչո՞ւ չէ, նաև «ինչ-որ բան մենք ասում էինք մեր հարևաններին»։

«Ամենակարևորն այն բարոյահոգեբանական վիճակն է, որ տիրում է մեր երկրում, եթե կարողանանք ստեղծել մի վիճակ, որ զինվորները բարոյահոգեբանական իմաստով կարողանան կատարյալ վիճակում լինել, զենքերի քանակները, տեսակները որևէ բան չեն կարող փոխել։ Զորահանդեսն ինչ-որ առումով իր նպատակին ծառայեց»,- նշեց Գ. Իսագուլյանը։

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ զորահանդեսներն ընդհանրապես ոգու բարձրացման համար կարևոր նշանակություն ունեն. «Բայց այն ավելի շատ միտված էր մեզ՝ հասարակությանը, որպեսզի մենք ապահով Հայաստանից չզզվենք, որ նայենք այդ զինատեսակներին, ասենք՝ նայեք, մենք ապահով Հայաստանում ենք ապրում, բայց զորահանդեսը լավ է և դիտվում է այն ժամանակ, երբ հոգու թրթիռ կա, և այն լինում է հաղթանակից հետո: Մենք ունենք, դժբախտաբար, մի դրվագ չորս օրվա, 800 հեկտար կորցրած հող ունենք և ունենք  զորահանդես։ Մենք պետք է բաժանվենք այդ 800 հեկտարի և զորահանդեսի միջև, և տեսնենք, թե ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց չորս օր շարունակ, ինչո՞ւ ոսոխին իր բնի մեջ չսատկացրեց։ Զորահանդեսը գեղեցիկ էր, լավ էր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս