«Ադրբեջանում շարունակվում է լոբբինգը, թե Ռուսաստանը զինում է Հայաստանին». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագողների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ երեկվա ռազմական շքերթին ցուցադրվում էին զինատեսակներ, որոնք արդեն Հայաստանում կային, ինչպես նաև՝ նոր ձեռք բերված զինատեսակներ։ Նրա խոսքով՝ իզուր չէին այդքան թեժ քննարկումներ ծավալվում «Իսկանդերի» շուրջ. «Այն բավականին լուրջ անվտանգային սիստեմ է։ Դա չի նշանակում, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվելու, բայց այն կզսպի հակառակորդին»։

Քաղաքագետը կարծում է, որ նոր զինատեսակներ, հատկապես՝ «Իսկանդեր» տրամադրելով Հայաստանին՝ Ռուսաստանը մեսիջ է հղում ինչպես՝ հայ հասարակությանը, այնպես էլ՝ Ադրբեջանին. «Սակայն այն կարծիքին չեմ, որ սահմանին կրակոցները, էսկալացիան կդադարեցվեն «Իսկանդերի» վաճառքից հետո»,- նշեց նա՝ նկատելով, որ այն ուղղակի կզսպի պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց չի բացառում, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին կրկին էսկալացիա լինի, ինչպես ապրիլին եղավ։

«Իսկանդերի» վաճառքը Հայաստանին, ըստ քաղաքագետի,  կազդի Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. «Ադրբեջանում շարունակվում է լոբբինգը, թե Ռուսաստանը զինում է Հայաստանին: Ինչպես մենք ենք դժգոհում, որ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին, այնպես էլ՝ իրենք»։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանն էլ պահանջի «Իսկանդեր», քաղաքագետը պատասխանեց, որ Ադրբեջանն «Իսկանդերի» կարիք այդքան էլ չունի, քանի որ այն ավելի շատ զսպման մեխանիզմ ունի, քան թե կրակելու։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս