«Ուսուցիչները երեկ ձեր երեսը պարզ արեցին». Անահիտ Բախշյան
Երեկ Մարզահամերգային դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված՝ 1044 երեխաներից ու երիտասարդներից բաղկացած «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» խորագրով իսկապես փառահեղ համերգը:
Անպատկերացնելի մեծ գործ են արել կազմակերպիչները Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Պատկերացնում եմ, թե որքան ջանք են ներդրել այդ երեխաների հետ առանձին պարապող ուսուցիչ-երաժիշտները, որքան սիրով են արել իրենց գործը, որովհետև իսկական հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ, որոնց աշխատանքը դրամով չի կարելի գնահատել, չնայած՝ շատ լավ կլիներ, որ դրամով էլ շատ բարձր գնահատվեր:
Այդքան երեխաներ ու երիտասարդներ հավաքել մի տեղ, նրանց հմտացնել ու այսպիսի հրաշալի ձևով հանդիսատեսին մատուցել այդ երաժշտությունը, իսկապես հզոր երևույթ է: Խորին շնորհակալություններս ու ծափողջույններս բոլոր-բոլորին, ովքեր իրականացրին այս գեղեցիկ ու իմաստալի ծրագիրը: Հատուկ շնորհակալություն Կոնսերվատորիայի ռեկտոր պարոն Շահինյանին:
Իմ խորին-խորին շնորհակալություններս հատկապես Սերգեյ Սմբատյանին, ով, լինելով այդքան երիտասարդ, իր համախոհների հետ աշխատասիրությամբ ու համբերատար կերպով 5 ամսում իրականացրեց այս հոյակապ ծրագիրը:
Իսկապես կեցցե՛ք, այդ երիտասարդ երաժիշտների բոլոր-բոլոր ուսուցիչներ, որ պետականորեն նույնիսկ մանկավարժի կարգավիճակ չունենալով (երաժշտական դպրոցների ուսուցիչները օրենքով մանկավարժներ չեն համարվում)՝ կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին: Խոնարհումս երաժշտական կրթություն ու դաստիարակություն իրականացնող բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցների մանկավարժներին: Իրական հայրենասերներ են նրանք, որովհետև չնչին վարձատրության դիմաց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻՆ այսպիսի հոգևոր կրթություն են տալիս, որի պակասը հասարակությունը շատ ունի:
Երախտագիտությունս արտահայտելուց հետո չեմ կարող չներկայացնել ԱԺ-ի պատգամավորներին ու ԿԳ և Մշակույթի նախարարներին պահանջ՝ հնարավորինս կարճ ժամկետում պետք է փոփոխություն կատարել համապատասխան օրենքներում ու մանկավարժական աշխատողների ցանկում ավելացնել արվեստի ու երաժշտական դպրոցների մանկավարժներին, նրանք նույնպես մանկավարժներ են: ԵՐԵԿՎԱ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՆԵԼ ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՎՀԵՏև ՆՐԱՆՔ ՁԵԶ ՊԱՐԶԵՐԵՍ ԱՐԵՑԻՆ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ