Բաքուն հայտարարել է, թե Վենետիկի հանձնաժողովը Ադրբեջանին վերջնագիր է ներկայացնում
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը քննադատել էր Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, Բաքվի հետ խոսում է վերջնագրի լեզվով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադիր բնույթ չի կրում։ Մեր համագործակցությունը միշտ կառուցված է եղել պրոֆեսիոնալիզմի վրա։ Նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող փաստաբաններ։ Ցավոք, հիմա գործընթացը փոխվել է։ Մեզ հետ խոսում են վերջնագրի լեզվով»,- ասել է նա։
Վերջինս հանձնաժողովի անդամներին մեղադրել է նրանում, որ վերջիններս ստել են՝ ասելով, թե փորձել են կապվել ադրբեջանական կողմի հետ, սակայն անհրաժեշտ ռեակցիա չեն ստացել։
«Նրանք գրում են, թե ցանկացել են կապվել ադրբեջանական կողմի հետ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը փորձեր չի ձեռնարկել կապվել նախագահի աշխատակազմի հետ։ Մեզ ոչ ոք չի գրել, չի զանգահարել»,- հայտարարել է Ալիևը։
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք համընդհանուր քննարկման են դրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեում։
Համաձայն փոփոխությունների նախագծի՝ երկրի ղեկավարը կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին։
Երկրի ղեկավարի արտահերթ հեռանալու դեպքում առաջարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը 3 ամսից սահմանել մինչև 60 օր։
Փոփոխությունները նախատեսում են նախագահի կողմից խորհրդարանը ցրելու մասին դրույթ, թույլատրվում է 18 տարին լրացած անձանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ներկայումս խորհրդարանում կարող է հայտնվել 25 տարեկանը լրացած անձը։
Փաստաթղթում ասվում է, որ հանձնաժողովի փորձագետները եկել են եզրակացության, որ առաջարկվող փոփոխություններ «լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները»: