«Թուրքիան փրկվել է ֆինանսական ճգնաժամից». Էկոնոմիկայի նախարար
Թուրքիայի քաղաքացիները, որոնք երկրում հեղաշրջումից հետո բանկերում փոխանակել են 11.5 մլրդ դոլարի արժույթ, երկիրը փրկել են ֆինանսական ճգնաժամից, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
«Արդեն հուլիսի 18-ին (հեղաշրջումից 2 օր անց) բացվեցին Թուրքիայի բոլոր բանկերը և երկիրը շարունակեց իրականացնել միջազգային պարտավորությունները։ Հեղաշրջման փորձի գիշերը դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ 1-ը՝ 2.88-ի էր, և շատերը ենթադրում էին, որ ռազմական հեղաշրջման փորձի պատճառով լիրան երկու-երեք անգամ կարժեզրկվի։
1 շաբաթում քաղաքացիները փոխանակեցին 11.5 մլրդ դոլար, այսինքն՝ ֆինանսական ճգնաժամը կանխեցին Թուրքիայի շարքային քաղաքացիները»,- հայտարարել է Զեյբեքչին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Թուրքիայի ներդրումներին նվիրված համաժողովում։ Այս մասին հայտնում է Anadol գործակալությունը։
Չնայած հեղաշրջման փորձին՝ Թուրքիայի էկոնոմիկան ցուցադրում է բարձր արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես «հրաշք»։
Նրա խոսքով՝ շատերը մինչև հիմա չեն հավատում, որ Թուրքիայի էկոնոմիկան կարողացել է կոնսոլիդացվել և զարգանալ։