Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում. Լատվիայի նախագահ
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Վերջինս իր խոսքում նշել է, որ հակամարտությունները, աղետները, աղքատությունը և կլիմայի փոփոխությունները ավելի են սրում փախստականների և ներգաղթյալների հետ կապված իրավիճակը, որ աշխարհում 125 մլն մարդ կարիք ունի մարդասիրական օգնության։
Վերջինիս խոսքով՝ Լատվիայի համար ռազմավարական առաջնահերթություններից մեկը Եվրոպայի արևելյան հարևանների կայունությունն ու անվտանգությունն է։ Հակամարտությունների կարգավորումը Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում։
Նա ընդգծել է, որ բոլոր երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը, պետք է իրականացնեն միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունները և հարգեն ինքնիշխան պետությունների սահմանները։
Ռայմոնդս Վեյոնիսն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը։
«Ռուսաստանը անտեսում է միջազգային նորմերը՝ ուժով փոխելով երկրների սահմանները»,- հայտարարել է նա։
Վեյոնիսը նաև նշել է, որ Լատվիան աջակցում է Ուկրաինային բարեփոխումների իրականացման ճանապարհին և տրամադրում է մարդասիրական օգնություն։
«Ցանկացած խտրականություն Ղրիմի թաթարների և էթնիկ ուկրաինացիների նկատմամբ Ղրիմում պետք է անհապաղ ստանա ՄԱԿ-ի արձագանքը»,- ասել է Ռայմոնդսը։
Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։