Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես փակել են ANS անկախ հեռուստաալիքը
Այսօր շարունակվել է ANS անկախ հեռուստառադիոընկերության՝ Ադրբեջանի Գերագույն դատարան ներկայացված բողոքի գործով դատական գործընթացը՝ կապված Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշման հետ ANS-ի լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նշվում է, որ Գերագույն դատարանի նախագահությամբ դատավոր Սևդա Հուսոյնովան հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ բողոքը չի բավարարվել։
Օգոստոսի 10-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել փակել հեռուստաալիքը Ադրբեջանի հեռարձակողների ազգային խորհրդի պահանջով։
Խորհրդի հայտարարմամբ՝ հեռուստաալիքը «վարել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները վատացնելուն ուղղված քաղաքականություն»։
ԶԼՄ-ների տեղեկություններով` պատճառն ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ «հակաթուրքական» հարցազրույց է եղել:
ANS-ի գլխավոր տնօրեն Միրշահին Աղաևը APA-ի հետ զրույցում ավելի վաղ ասել է, որ ալիքի լրագրողը միայն մասնակցել է Գյուլենի մամուլի ասուլիսին և հարցեր է տվել, սակայն ծանոթանալով ձայնագրության հետ, հեռուստաալիքի ղեկավարները որոշել են այն չհեռարձակել: