Բաքվի ADEX-2016 ցուցահանդեսին Ռուսաստանը կներկայացնի սպառազինության ավելի քան 500 նմուշ
Ռուսական սպառազինության շուրջ 512 նմուշ, այդ թվում՝ «Տ-72» տանկի նորագույն մոդիֆիկացիա, հարվածային «Կա-52» ուղղաթիռներ և հակատանկային «Կոռնետ-ԷՄ» համալիրներ կներկայացվեն Բաքվում սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում ռուսական ցուցադրության ժամանակ, հայտնել են Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
ADEX-2016 (Azerbaijan defense exhibition) ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը Բաքվում։
Ծրագրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 100 ընկերություն 26 պետությունից։
Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պատվիրակությունը ցուցահանդեսում գլխավորելու է ծառայության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը։
Ռուսական ցուցադրության կազմակերպիչը «Ռոսօբորոնէքսպորտն» է, ցուցադրվելու են 28 ռուսական կազմակերպությունների ստենդներ, որոնցից 21-ը ներկայացնում են ռազմական նշանակության արտադրատեսակներ։ Առաջին անգամ ցուցադրությանը կներկայացվի «Տ-72» տանկի արդիականացված օրինակ։
Ռուսական ընկերությունների թվում, որոնք մասնակցելու են ցուցադրությանը, զրահատեխնիկայի խոշորագույն արտադրող «Ուրալվագոնզավոդն» է, «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը, «տակտիկական հրթիռային սպառազինություններ» ընկերությունը և այլք։a