Իրականում որտե՞ղ է եղել Վարդևան Գրիգորյանի որդու հետ կատարված ողբերգությունը. քաղաքագետ

«Գյումրին շվարած է տեղի ունեցած իրադարձությունից, որովհետև ոչ ոք չէր սպասում նման բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով երեկ Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մասին։

Նա նշեց, որ Գրիգորյանների ընտանիքը չորս զավակ ունի, և նրանք Գյումրիում հայտնի են՝ որպես երիտասարդներ, որոնք ոչ մի անգամ որևէ կրիմինալ կամ խուլիգանական պատմությունների մեջ ներգրավված չեն եղել. «Հայտնի են իրենց ընկերասիրությամբ, պարկեշտությամբ, մեծի նկատմամբ հարգանքով։ Արշակն ամենահամեստն էր չորս եղբայրների մեջ, ու, իրոք, սա հարված էր, երբ իմացանք Արշակի մահվան բոթը, նա նաև շատ կիրթ էր, ու բոլորի համար զարմանալի է այն, ինչ տեղի ունեցավ»։

Գ. Համբարյանի խոսքով՝ հիմա Գյումրիում, կարծես թե, սպասողական վիճակ է, քանի որ մի փոքր անհասկանալի է տեղի ունեցածը. «Ոնց որ թե երիտասարդը ոչ մի խնդիր չի ունեցել, որպեսզի դիմի այդ գործողությանը, բայց միևնույն ժամանակ ոչ մեկն էլ փաստեր չունի, այսինքն՝ փորձել սա քաղաքականացնել, կարծես թե, չի ստացվում, դեպքը, ըստ պաշտոնական տվյալների, տեղի է ունեցել իրենց տան նկուղում»։

Քաղաքագետի խոսքով՝ երիտասարդի մահը մթագնեց ամբողջ նախընտրական գործընթացը և մթագնեց նաև ապագա քաղաքապետի ընտրությունները։ Նա նկատեց, որ լավ կլինի, որ Ոստիկանությունը շատ արագ բացահայտի գործը. «Անպայման կլինեն ուժեր, որոնք կփորձեն քաղաքականացնել և դիվիդենտներ ստանալ, արդեն այդ ուժերը կան, հարցազրույցներ են տալիս, արդեն քաղաքականացնում են, համապատասխանաբար՝ ամեն մեկը փորձում է իր օգտի համար օգտագործել այն, ինչ տեղի ունեցավ»։

Գ. Համբարյանը հուսով է, որ Ոստիկանությունը կբացահայտի շատ արագ, և հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր պատասխանները, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել դեպքը, որովհետև, ըստ քաղաքագետի, դրանից էլ է շատ բան կախված։

«Շամշյանը տեղեկացրել էր, որ դեպքը տեղի է ունեցել պոլիգոնների թաղամասում, և վիրավոր երիասարդը տեղափոխվել է հիվանդանոց այնտեղից, հետագայում Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ դեպքը տեղի է ունեցել Գրիգորյանների տան նկուղում, հիմա կարևորն այն է, որ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարի, թե որտեղ է իրականում դեպքը տեղի ունեցել, որպեսզի դրանով նաև հանրությունն ինքն իր մեջ վերլուծելով՝ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև մի փոքր անհավանական է թվում, որ երիտասարդին սպանել են իրենց տան նկուղում, իսկ եթե դեպքն այլ տեղ է տեղի ունեցել, գործընթացն այլ ուղղությամբ է ընթանալու»,- նշեց Գ. Համբարյանը։

Մեր զրուցակիցը նկատեց, որ հիմա բոլոր քաղաքական ուժերը, որոնք շատ ակտիվ ներգրավված էին քարոզարշավի մեջ, պաշտոնապես հայտնել են, որ աջակցելով Գրիգորյաններին և հարգելով նրանց կորուստը՝ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը. «Հետագայում կտեսնենք՝ ինչ որոշում կընդունի ԲՀԿ-ն, ես հուսով եմ, որ այս ողբերգությունը պատճառ չի դառնա, որ ԲՀԿ-ն և պարոն Գրիգորյանը դուրս գան քաղաքականությունից, որովհետև պարոն Գրիգորյանը ներկայացնում է այստեղ ոչ միայն՝ իրեն, այլև՝ ամբողջ մի թիմ, և պետք է նշեմ, որ նրա ներգրավածությունն այս ընտրություններին ինտրիգ հաղորդեց ամբողջ գործընթացին։ Արշակ Գրիգորյանի մահվան պատճառով սև բիծ եղավ այս ընտրությունների վրա, և ամբողջ այս վերջին օրերի քարոզարշավը հիմնականում իր վրա կկրի այս ողբերգության ազդցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս