ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուի զարմուհուն Մեքսիկայում գտել են սպանված
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Ինչպես հաստատել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն, աղջկան առևանգել են նախորդ երեքշաբթի և նրա դիակը հայտնաբերվել է Տոլկուա դե Լերդո քաղաքում (Մեխիկո նահանգի մայրաքաղաք):
Աղջկա վրա հարձակվել են բանկոմատի մոտ, որից հետո ստիպել են մոտակայքի մի քանի բանկոմատներից հանել ամբողջ գումարը: Դրանից հետո առևանգիչները կապվել են ընտանիքի հետ և գլխագին պահանջել:
«Նրան առևանգել են բանկոմատի մոտից և զանգահարել են ընտանիքին: Գումարը վճարվեց, բայց ավելի քիչ, քան պահանջել էին առևանգիչները: Մենք կարծում էինք, որ նրան ողջ և առողջ բաց կթողնեն: Դժբախտաբար, այլ կերպ ստացվեց»,- ասել է Մարգալիոն:
Վիլյարն առաջադրվել էր ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնին, սակայն ավելի ուշ հանել էր թեկնածությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը