Էրդողանը հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին
Թուրքիան հարգում է և աջակցում Սիրիայի տարածքային ամբողջականությանը ու չի ձգտում գրավել ուրիշի տարածքը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Թուրքիան բոլորից ավելի շատ է գնահատում Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Մենք աչք չենք տնկում օտարի տարածքի վրա, և ոչ ոք աչք չի տնկում։ Մեր «Եփրատի վահան» օպերացիան ունի մեծ նշանակություն տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ Մեր նպատակը տարածքը ԴԱԻՇ-ի խմբավորումներից ազատելն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան չէր կարող հանդուրժել Սիրիայի հարձակումները, երբ սահմանամերձ թուրքական քաղաքները արկակոծվում էին ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական բնակավայրերից։
«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ սահման, որն ամբողջությամբ սպառնալիքի տակ է։ Մենք երկար էինք հանդուրժում Սիրիայի կողմից մեր անվտանգությանը սպառնացող վտանգները, սակայն օգոստոսի 24-ին Գազիանթեփում հարսանիքի ժամանակ ահաբկիչները ուղարկեցին պայթեցվելու 14-ամյա երեխայի, 56 մարդ զոհվեց։ Թուրքիան այլևս դա չէր կարող հանդուրժել։
Սիրիայի չափավոր ընդդիմության հետ մենք ազատագրեցինք Ջարաբլուսը, հետո Ռային։ Հիմա այլևս ահաբեկչության միջանցք այնտեղ չկա, կա խաղաղության միջանցք»,- հայտարարել է Էրդողանը։