«Հակառակորդը փախչում էր, իսկ մենք առաջ էինք գնում…». հակառակորդի երկու տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյան
Ապրիլյան պատերազմի մասնակից, հակառակորդի երկու տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանը վստահ է՝ եթե անհրաժեշտություն լինի, նորից է գնալու դիրքեր:
Նա Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հակառակորդի տանկերը նկատելուց հետո տեղեկացրել եմ անձնակազմին, եւ միասին ենք խոցել: Այդ պահին մտածում էի, որ դա անում եմ հանուն իմ ընտանիքի, ընկերների ու ժողովրդի, հանուն նրա, որ հակառակորդը փախչում էր, իսկ մենք առաջ էինք գնում: Պարզապես այնտեղ, այդ պահին գիտակցում ես, որ ամեն ինչ իրական է եւ կարող ես մահանալ գնդակից»,- ասաց նախկին զինծառայողը:
Նա նշեց, որ շատ հիշողություններ են կապված պատերազմի օրերի, զոհված ընկերների հետ, սակայն խոսել այդ մասին չցանկացավ: Պարզապես ասաց, որ սահմանը հիմա ապահով ձեռքերում է, այնտեղ են իր մյուս ընկերները: «Նրանց հետ կապը միշտ ենք պահպանում: Վերջերս գնացի Թալիշ, ընկերներիս տեսա. ասում են, որ ամեն ինչ լավ է»,- ասաց նա:
20-ամյա Ռաֆիկ Կրպեյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Նա վստահորեն նշեց, որ եթե նորից կարիք լինի, կթողնի ուսումը եւ կգնա սահման: