«Ռուսաստանը փորձում է ուժով վերադարձնել նախկին փառքը». Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է եկել վերջին ուղերձով՝ որպես ԱՄՆ նախագահ, հայտնում է BBC-ն։
Ելույթի մեծ մասը նվիրված է եղել մարդկության խնդիրներին, այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ լուծել այդ խնդիրները, որն է այդ հարցում Միացյալ Նահանգների դերը։
«Ոմանք ենթադրում են, թե ապագան ուժեղ անհատականություններինն է, այլ ոչ թե կառավարման ուժեղ ժողովրդավարական մարմիններինը։ Սակայն ես կարծում եմ, որ իսկական ժողովրդավարության ուղին լավագույն ուղին է»,- հայտարարել է Օբաման։
Նա նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելը ծանր աշխատանք է, որը հաշվարկված է սերունդների համար, երբեմն անհրաժեշտ է մեկ քայլ առաջ անել, երկու քայլ՝ հետ։ Սակայն ավելի լավ է հետևել այդ ուղուն, ինչը ցույց է տալիս ամենատարբեր երկրների փորձը, որոնք վերջին 25 տարում կանգնել են այդ ուղու վրա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր պատմության օրինակով է ցույց տալիս սովորական մարդկանց տարբեր երկրներում, թե ինչի է անհրաժեշտ հասնել՝ կառուցելով գործող ժողովրդավարական ինստիտուտներ։
«Ես գիտեմ, որ որոշ երկրներում մարդիկ մտածում են, թե բոլոր խնդիրների պատճառը Վաշինգտոնն է կամ հակառակը՝ կարող են լուծվել Վաշինգտոնի կողմից։ Հնարավոր է, Ռուսաստանում չափազանց շատերն են դրան հավատում»,- կատակել է Օբաման։
Նա հիշատակել է Ռուսաստանին՝ թվարկելով խնդիրները, որոնք անհրաժեշտ է այսօր լուծել համաշխարհային հանրությանը։
«Աշխարհում, որն արդեն լքել է կայսրությունների դարաշրջանը, տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ուժով վերադարձնել նախկին փառքը։ Եթե Ռուսաստանը շարունակի միջամտել իր հարևանների գործերին, նրա սեփական սահմանները դրանից միայն ավելի խոցելի կդառնան»,- ասել է Օբաման։