«Սա բարձր պարգև է. Այն ոչ թե մի մարդու կամ մի անձնակազմի է տրված, այլ ողջ համակարգին». Արա Մինասյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը լավ է հիշում ՀՀ անկախության հռչակման օրը, երբ Հայաստանը սկսեց շարժվել այդքան բաղձալի անկախության ճանապարհով: «Բոլորս էինք ուզում անկախանալ, բոլորս էինք գնացել այնտեղ հանուն անկախության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերհիշեց Արա Մինասյանը, ով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Սա բարձր պարգեւ է: Այն ոչ թե մի մարդու կամ մի անձնակազմի է տրված, այլ ողջ համակարգին»,- նշեց նա:
ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ այս տարիների ընթացքում ոլորտում իրականացված փոփոխությունները հատկապես կապված են առողջապահական հիմնարկների շինարարության հետ:
«Կարող եմ առանձնացնել Համաշխարհային բանկի հսկայական ներդրումային ծրագրերը, պետբյուջեի ծրագրերը, ինչպես նաեւ անհատ ընկերությունների, օրինակ՝ «Տաշիր» ընկերության կողմից կառուցվող Ստեփանակերտի հիվանդանոցը: Ընկերությունը հիմա աշխատում է Վանաձորում եւ հարակից համայնքներում մասնաշենքեր կառուցելու ուղղությամբ»,- տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրենը: