ՄԹ կառավարության անունից Ալան Դունկանը շնորհավորել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Ինչպես հաղորդում է ՀՀում ՄԹ դեսպանատան լրատվական ծառայությունը, Ալան Դունկանն ասել է. «Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է:
Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի և իր հարևան
երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ Նորին Մեծության կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» ն ասաց Հայաստանի անկախությանը:
Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:
Երկու օր անց` սեպտեմբերի 23ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: