Հանուն հարատև անկախության ու անկախության հարատևության

1991 թվականին Աստծո կամոք ու աշխարհում իրերի դրության փոփոխության ու հանգամանքների դասավորության բերումով հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն։ Բայց Աստված այդ հնարավորությունը ու բարեգթությունը տալու հետ միասին ու միաժամանակ ու ենթադրաբար՝ դրանից առաջ տվել է նաև խելք, որն անհատական ու մարդկային լինելով՝ հավաքական է նաև ու հանրային է։

Այդպիսով, հասարակական է նաև ու պետական է՝ այդքանով։ Անկախությունը նվեր չէ՝ տարվա մեջ ինչ-որ օրեր գեղեցիկ տոներ նշելու համար։ Անկախությունը պարգև է, որը պետք է պահպանել առաջին հերթին՝ Աստծո մյուս տվածով՝ խելքով։ Որովհետև Աստված խելքը տվել է ոչ թե ստրկամտությունն ու տիրապաշտությունը քողարկելու զավզակության, այլ անկախությունը մշտական ու հարատև կեցության վերածելու համար։

Անկախությունն աստվածային շնորհ լինելով՝ քրիստոնեության հիմնաքարերից է ըստ էության, որովհետև Աստծո ստեղծած մարդն ազատ մարդն է, և ուրեմն մարդը կարող է ազատ լինել միայն անկախ պետությունում։

Մարդկությանը հայտնի տոտալիտար հասարակություններում ապրված ազատ եզակիությունները սիմվոլիկ են իրենց բացառիկությամբ։ Ու եթե դա այդպես է, ուրեմն անկախության դեմ ցանկացած ոտնձգություն, անկախության ցանկացած սակարկում ու վերապահում հակաքրիստոնեական է ու հակաաստվածային է։ Ու եթե նաև դա է այդպես, ուրեմն անկախ լինել՝ նշանակում է՝ արժանի լինել Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգի կոչմանը, որը գովազդային հոլովակներում գեղեցիկ հնչող կարգախոսից բացի ու դրանից առաջ՝ պարտավորություն է։

Ու եթե պարտավորություն է, ուրեմն այսօր՝ Անկախության հռչակման 25-ամյակին, առավել քան երբևէ պարտավոր ենք արձանագրել, որ՝

Անկախությունը կախյալության հականիշը չէ։
Անկախությունն ազատության հոմանիշն է։
Անկախությունը ստրկության հականիշը չէ։
Անկախությունն ինքնիշխանության հոմանիշն է։
Անկախությունը կուշտ լինելու հականիշը չէ։
Անկախությունն ինքնաբավ լինելու հոմանիշն է։
Անկախության կիսատությունը ստրկության հոմանիշն է։
Անկախությունը ներքին բովանդակություն է, ոչ թե արարողակարգ։

Դրոշն ու զինանշանն անկախության ձևն են, որոնք բովանդակության բացակայության դեպքում դառնում են լաթ ու մետաղի ջարդոն։

Անկախությունը կենացները չեն։

Անկախությունը կենաց ու մահու պայքարում կենացի այնպիսի ընտրությունն է, որից հրաժարվելու գաղափարի չբացառումն իսկ մահն է…

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակն է։ Այսօր կյանքի ու լույսի տոնն է, որը լուսավոր է անգամ մեր խավար ժամանակներում։

Շնորհավոր Անկախության տոնը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս