«Կարծես թե Ժոզեն մոռացել է, թե ինչպես էր Մխիթարյանը խաղում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 80 հազար երկրպագուների ներկայությամբ». Sport.de
Միջազգային մամուլը շարունակում է խոսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ, ինչը ենթադրում էր նոր խաղ՝ թե՛ որակական և թե՛ տակտիկական առումով: Սակայն առաջին խաղերից հետո տպավորություն է, որ մանչեսթերյան ակումբում ոչինչ չի փոխվել:
«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրներից զատ, միջազգային մամուլը շատ է խոսում նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբում հարմարվելու, վնասվածքի և Մոուրինիոյի հետ հարաբերությունների մասին:
Այս անգամ էլ Հենրիխին անդրադարձել է գերմանական Sport.de-ն:
«Մխիթարյանի ամենամեծ խնդիրը Մոուրինիոն է»,- գրում է պարբերականը:
42 միլիոն եվրո արժողությամբ Մխիթարյանին Մոուրինիոն սկզբնական շրջանում շատ էր գովաբանում, վստահում էր նրան, տեղ էր տալիս մեկնարկային կազմում, սակայն հետո ամեն ինչ կարծես թե փոխվեց:
Չնայած վնասվածքին՝ «Յուրահատուկը» Մխիթարյանին ընդգրկեց մեկնարկային կազմում մրցաշրջանի առաջին կարևոր հանդիպումում՝ մանչեսթերյան դերբիում: Սակայն դրանից դրական ոչ մի փոփոխություն այդպես էլ չեղավ. Հենրիխը խորացրեց վնասվածքը և չկարողացավ օգնել թիմին արդեն առաջին խաղակեսից հետո:
Պարբերականը շեշտել է, որ անհեթեթ է Մոուրինիոյի այն ասածը, թե Մխիթարյանը չունի փորձ մեծ խաղերում և, հետևաբար՝ չի խաղա Եվրոպա լիգայում: Կարծես թե Ժոզեն մոռացել է, թե ինչպես էր Մխիթարյանը խաղում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 80 հազար երկրպագուների ներկայությամբ: Պետք չէ մոռանալ նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի և Գերմանիայի գավաթի մասին:
Պարբերականը հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա լեզու գտնել Մոուրինիոյի հետ՝ չնայած վերջինս հարաբերությունները վեր է դասում ֆուտբոլից:
«Մխիթարյանի նման զգայուն ֆուտբոլիստի համար բավականին բարդ կլինի հարմարվել Մոուրինիոյին»,- նշել է պարբերականը:
Ըստ Sport.de-ի՝ Մխիթարյանը կստանա խաղաժամանակ առաջիկա ոչ կարևոր խաղերում:
Սիրարփի Աղաբաբյան