Բաժիններ՝

«Ուղիղ 25 տարի է Երկիր մոլորակում բնակվող ողջ հայ ժողովուրդը տոնում է Հայոց անկախության տարեդարձը»

Հայոց անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:  Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ:

(Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ զորամիավորման մեծարգո՛ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, քրիստոսապա՛շտ   Տեր Հայր,  հայրենապա՛հ   զինվորականներ, սիրելի՛ արծիվներ, 20-րդ դարավերջին, հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ, ձեր շնորհիվ քրիստոնյա հայ ժողովուրդը ձեռք բերեց հայոց անկախ պետականություն և ազգային բանակ, պետականություն և բանակ, որոնք յուրաքանչյուրիս համար դարձան բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Ուղիղ 25 տարի է Երկիր մոլորակում բնակվող ողջ հայ ժողովուրդը տոնում է Հայոց անկախության տարեդարձը:

Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

Պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատաների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները, միշտ գիտակցե՛ք,  որ դո՛ւք եք Ազգ-Բանակը, որ հայ ժողովուրդն է Ազգ-Բանակը:

Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանը ավելին է, քան մենք՝ բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:
Աստված պահապան Ձեզ և Ձեր օջախներին:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
Շնորհավոր անկախությունդ Հայաստա՛ն»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց հինգ զորամասերի հինգ սպաների: Թանկարժեք իրային նվերներով պարգևատրվեցին 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալները, հինգ զորամասի հրամանատարները, մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս