Կանադայի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանին անկախության 25-ամյակի կապակցությամբ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամ Ստեֆան Դիոնին՝ որպես Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, և շարունակել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման շուրջ երկխոսությունը։

Նախարար Դիոնը շնորհավորեց Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշեց, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։

Զրուցակիցները քննարկեցին հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձան միջխորհրդարանակաՍ կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարևորվեց կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։

Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս