Սիրիական զորքը ռուսական զինուժի աջակցությամբ հակահարձակման է անցել
Սիրիական բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Սիրիայի Հալեպ քաղաքի հարավարեւմտյան ծայրամասում դիմագրավել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների հարձակումը զինվորական ուսումնարանների եւ 1070 թաղամասի շրջանում: Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Հետագա հակահարձակման ընթացքում սիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օժանդակությամբ ջախջախել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների առաջավոր ջոկատը՝ ոչնչացնելով չորս տանկ, հետեւակի երեք մարտական մեքենա, ինը պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով եւ մինչեւ 100 զինյալների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նշված է, որ նախօրյակին երեկոյան «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալները եւ զինված ընդդիմության՝ նրանց հարող ջոկատները Խան Թումանի ուղղությունից հարձակում էին ձեռնարկել սիրիական բանակի դիրքերի վրա՝ զինվորական ուսումնարանների եւ 1070 թաղամասի շրջանում՝ մինչեւ 500 մետր խորությամբ սեպվելով կառավարական զորքերի պաշտպանական դիրքերում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան հարձակման են անցել Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի ուղղությամբ՝ ժամանակավոր վերահսկողության տակ վերցնելով «Կաստելլո» ճանապարհի շուրջ մեկ կիլոմետր երկարությամբ հատվածը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: