Մանրամասներ Կոնդեցի Հարութի սպանությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ որ Երևանում հերթական սպանությունն է տեղի ունեցել։ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ին կրծքավանդակի հատվածում ստացած դանակի հարվածի հետևանքով սպանվել է 42-ամյա Հարություն Գալստյանը։
Նախնական քննության տվյալներով՝ Հ. Գալստյանին, ով առավել հայտնի է Կոնդեցի Հարութ անունով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
«ժողովուրդ»-ին սպանվածի մասին մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ Հարություն Գալստյանը «Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Կատարվածը նրա մերձավոր շրջապատի համար առեղծված է դարձել։ Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Հ. Գալստյանը ֆինանսական խնդիրներ երբեք չի ունեցել, որևէ մեկի հետ երբևէ պարտք ու պահանջի հարց չի եղել։ Հարազատներն այս պահին կասկածներ չունեն՝ ով կարող էր նման բան անել։
Սպանվածի առանձնատուն այցելած մեր թղթակցին հաջողվել էր զրուցել նրա մորեղբայրը ներկայացած տղամարդու հետ, ում խոսքով՝ իրենք շատ ծանր հոգեվիճակում են և դեպքի հանգամանքերին ծանոթանալու ցանկություն այս պահին չունեն։
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց տեղեկանալ, որ թեև Կոնդը հայտնի է որպես քրեական տարրերով բնակեցված շրջան, սակայն Հարություն Գալստյանը երբեք նրանց հետ սերտ շփումների մեջ չի եղել։ Ըստ երևույթին, կատարվածը միջանձնային անհասկացվածության պատճառով է եղել։
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ դեպքի ժամանակ մասնակիցներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Խոսակցություններ կան, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կոնդեցի Հարութի և քրեական աշխարհում հայտնի Խռամի որդու միջև։ Նա ևս Կոնդի բնակիչ է։ Այս տեղեկության հավաստիությունը պաշտոնապես պարզել չհաջողվեց։
Հավելենք, որ Հարություն Գալստյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա։ Նա նախկինում դատապարտված չի եղել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: