Ամերիկացի օրենսդիրները խնդրում են Օբամային պատժել ՌԴ-ին. The Washington Post
ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատորները որոշել են ԱՄՆ վարչակազմից պահանջել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ այն ավիահարվածների պատճառով, որ վերջինս հասցրել է Իրանի տարածքից Սիրիային։
The Washington Post-ը հայտնում է, որ օրենսդիրները նամակ են պատրաստում՝ ուղղված ԱՄՆ Պետդեպի ղեկավար Ջոն Քերիին՝ պահանջելով ապացույցներ տրամադրել այն բանի մասին, որ օգտագործելով «Համադան» ավիաբազան, Ռուսաստանը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որն արգելում է հարձակողական սպառազինությունների մատակարարումը, վաճառքը կամ փոխանցումը Իրանի հետաքրքրությունների շրջանակում։
Նրանց կարծիքով՝ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության, Ռուսաստանը իրավունք չէր ունենա թռիչքներ իրականացրել իրանական օբյեկտից։
Նամակի ավելի քան 30 հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի կողմից «Համադանի» օգտագործումը սիրիացի ապստամբների դեմ պայքարում, այլ ոչ թե ահաբեկիչների, միջուկային համաձայնագրի խախտում է։
Սենատորները հիշեցնում են, որ Սպիտակ տունը խոստացել էր խիստ հսկողություն սահմանել Թեհրանի հետ գործարքի նկատմամբ։
Ուղերձում ասվում է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի խախտումներ իսկապես եղել են, ապա ԱՄՆ վարչակազմը պետք է միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի Ռուսաստանին ստիպի հետագայում նման քայլերի չդիմել։