«Իրանի և Թուրքիայի միջև ներքին համաձայնություն կա». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ  Իրանը, այսպես ասած՝ աչք փակեց Սիրիայում Թուրքիայի ակտիվացման վրա, քրդական գործո՞նն էր պատճառը, ասաց, որ թուրք-իրանական շահերը համընկնում են միայն քրդական հիմնախնդրի շուրջ:

«Բայց այս հարցում էլ իրանական կողմի դիրքորոշումը միանշանակ չէ։ Եթե սկզբնական շրջանում Իրանը որդեգրեց դրական լռության քաղաքականություն, ապա հետո դատապարտող հայտարարություններ էլ եղան։ Բայց կարծես թե՝ Իրանի և Թուրքիայի միջև ներքին համաձայնություն կա քրդական պետության կամ քրդական որևէ միավորի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով։

Միջազգային ԶԼՄ-ներով Իրանի քրդերի խնդիրն ընդհանրապես չի արծարծվում, մենք անընդհատ լսում ենք Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի քրդերի մասին, բայց գրեթե ոչինչ չկա Իրանի քրդերի մասին։ Դա նշանակում է, որ Իրանը հաջողությամբ վերահսկում է իրավիճակը։ Իրանի պարագայում քրդական հիմնախնդիրն այդքան սուր չի արտահայտված երկրի ներքաղաքական դիսկուրսում, որովհետև նրանք այս հարցում վարում են խոհեմ քաղաքականություն։

Իրանը միակ երկիրն է, որտեղ պատմականորեն գոյություն ունի Քրդստան նահանգ, այսինքն՝ նրանք նույնիսկ անունից չեն վախենում։ Բայց եթե դիտարկելու լինենք Սիրիայի հիմնախնդիրն իրանաթուրքական հարաբերությունների դիտանկյունից, ապա ակնհայտ է, որ երկու երկրները լուծում են տարբեր խնդիրներ։ Այստեղ գործ ունենք երկու գաղափարախոսության պայքարի հետ. Էրդողանական նեոօսմանիզմը և իրանական շիաական դոկտրինը, որոնք հակասում են միմյանց»,- ասաց իրանագետը։

Տեսանյութեր

Լրահոս