«Շիրակ կենտրոնը» դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Դիմումում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն վարչապետ Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան:
Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Մեր ձեռնարկները բարեգործական համարելու, այս անհասկանալի հարկային պահանջները և հետագա տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով մենք դիմել էինք Հայաստանի բարձրագույն իշխանություններին:
Մեր դիմումների բոլոր պատասխաները, ցավոք, բացասական էին: Այս իրավիճակում կազմակերպության գործունեությունը բնականոն հունով շարունակելը դարձել է անհնարին: Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են իրենց համար փրկօղակի վերածված մեր ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, մենք պարտադրված ենք դիմել մեր բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք:
Միաժամանակ մենք անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար մեզ առաջադրված հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմում ենք Ձեզ: Հարգելի՛ պարոն վարչապետ, Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպության վրայից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով կգնենք ևս մեկ բնակարան ու կնվիրենք բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերենք ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան Գյումրի, 2016 թ. սեպտեմբերի 19