Էրդողանը հայտարարել է Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացման մասին
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ առաջխաղացումը շարունակվում է, զորքերը շարժվում են հարավային ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ում ես հարց կբարձրացնեմ անվտանգության գոտու ստեղծման մասին։ Մենք կարող ենք այդ գոտին գնահատել 5 հազար քառակուսի կմ-ի չափով։
Եվս մեկ անգամ ընդգծեմ «Եփրատի վահան» գործողության ավանդը Սիրիայի հյուսիսում՝ փախստականների ճգնաժամի լուծման համատեքստում։ Ներկայումս մենք դեպի հարավ ենք շարժվում»,- հայտարարել է նա լրագրողներին մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա մեկնելը։
«Սիրիայի քաղաքների, մասնավորապես Ջարաբլուսի բնակիչները, սկսել են վերադառնալ քաղաք, որը խլվել էր ԴԱԻՇ-ից։ Անվտանգության գոտու մեծացմամբ կավելանա վերադարձող փախստականների թիվը»,- հավելել է Էրդողանը։