«Նյու Յորքի պայթյունը եղել է ահաբեկչություն». Նյու Յորքի նահանգապետ
Նյու Յորքում՝ Մանհեթենում ռումբի պայթյունը «ակնհայտորեն եղել է ահաբեկչական ակտ», հայտարարել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Միաժամանակ, ինչպես նշել է Կուոմոն, դեռ ոչ մի վկայություն չկա այն մասին, որ պայթյունին առնչություն ունեն միջազգային ահաբեկչական խմբավորումները։
«Ով էլ որ տեղադրած լինի այդ ռումբերը, մենք նրանց կհայտնաբերենք և նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- հայտարարել է նահանգապետը։
Քաղաքի հիմնական տրանսպորտային հանգույցներ պարեկություն անելու են ուղարկվել շուրջ 1000 ոստիկաններ և ազգային գվարդիայի զինծառայողներ։
Պայթյունից տուժած բոլոր՝ 29 մարդիկ դուրս են գրվել հիվանդանոցներից։
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր Նյու Յորքի հայտնի Չելսի շրջանում։
Ավելի ուշ պայթյունի վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա հայտնաբերվել և վնասազերծվել էր երկրորդ պայթուցիկ սարքը, որը կառուցվածքով նման էր եղել առաջինին։