
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրել է բժիշկների այցի նպատակները և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Ողջունելով ֆրանսիացի բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ցանկացել է հաճելի և անմոռանալի օրեր հյուրընկալ Հայաստան աշխարհում: Վեհափառ Հայրապետն արդյունավոր ծառայություն է մաղթել բժիշկներին` Աստծու զորակցությամբ շարունակ նպաստելու մարդկանց առողջ կյանքին: