Պայթյուններ Նյու Յորքում և Նյու Ջերսիում, կան տասնյակ վիրավորներ
Միանգամից երկու պայթյուն է որոտացել շաբաթ օրը ԱՄՆ-ում՝ ցերեկը՝ Նյու Ջերսիում՝ մարաթոնի ժամանակ, երեկոյան՝ Նյու Յորքի ամենահայտնի շրջաններից մեկում:
Եթե Նյու Ջերսիում ոչ ոք չի տուժել, ապա Նյու Յորքում 29 մարդ ստացել է վնասվածքներ, ընդ որում, նրանցից 1-ի իճակը ծանր է: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Չնայած նրան, որ Նյու Ջերսին Նյու Յորքից հեռու չի գտնվում, ոստիկանությունը դեռ տեղեկություններ չունի՝ արդյոք պայթյունները կապ ունեն իրար հետ:
Նյու Յորքում պայթյունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Պայթյունի հեղինակներն ընտրել էին Չելսի շրջանը, որտեղ տեղակայված են բազմաթիվ ռեստորաններ, բարեր, գեյ-ակումբներ, խանութներ:
Պայթյունները որոտացել են քաղաքի արևմտյան մասում՝ 23-րդ փողոցում:
«Տուժածների թիվը 29 է, նրանցից 1-ը լրջորեն տուժել է»,- ասել է Նյու Յորքի ոստիկանապետ Ջեյմս Օ’Նիլը:
Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչ է հատկապես պայթել և որտեղ է գտնվել պայթուցիկ սարքը: ԶԼՄ-ները անգամ հաղորդել էին, թե պայթել է կենցաղային գազ, սակայն լուրերն այնուհետ հերքվել էին:
Նյու Յորքի հրշեջ ծառայությունը միայն հայտնել է, թե Մանհեթենում պայթուցիկ սարք է գործի դրվել:
«Ենթադրվում է, թե դա եղել է դիտավորյալ գործողություն»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա հայտարարել է, թե իշխանությունները չգիտեն կոնկրետ սպառնալիքների մասին: