«Արևմուտքի համար էլ Կարեն Կարապետյանն ավելի ցանկալի անձնավորություն է»
Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը
– Պարոն Բոստանջյան, բրիտանական Jane’s Intelligence կազմակերպությունը ՀՀ նոր կառավարության ձևավորումը և նոր վարչապետի նշանակումը գնահատում է՝ իբրև ներդրումային ռիսկի բարձրացում, քանի որ ակնկալվում է, որ կաճի ռուսական, այդ թվում՝ նաև էթնիկ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարների ներկայությունը, որոնց համար ՀՀ իշխանություններն առավել բարենպաստ բիզնես պայմաններ կստեղծեն՝ ի վնաս արևմտյան գործարարների: Այդպիսով՝ կխաթարվի մրցակցությունը: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Տվյալ դեպքում այդ գնահատականը, կարծես, օբյեկտիվությամբ չի առանձնանում: Արևմուտքի համար էլ Կարեն Կարապետյանն ավելի ցանկալի անձնավորություն է, բայց նույնիսկ Արևմուտքն անհանգստություն ունի այն հանգամանքով պայմանավորված, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմն է իրեն ուղարկել, իսկ այդ դեպքում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն ընդհանրապես՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, կարող են է՛լ ավելի ուժեղանալ: Իսկ Արևմուտքը, իմ կարծիքով, հակված է Հայաստանը հնարավորինս պոկել Ռուսաստանից: Այդ գործընթացը շատ զգույշ ու հանգիստ է կատարվում, առանց լարումների: Բոլոր դեպքերում, ես ուզում եմ մտածել, որ նման մոտեցում կա Արևմուտքի կողմից:
Իմ կարծիքով՝ Արևմուտքը, դրական գնահատելով նոր վարչապետին, միևնույն ժամանակ՝ կարող է ունենալ այն մտահոգությունը, թե արդյո՞ք ի դեմս Ռուսաստանի, քանի որ նա այնտեղ աշխատել է, այնտեղ ունի ավելի հետաքրքիր, մեծ շրջապատ, հանկարծ այդ հարաբերությունները չուժեղանան: Եվ, հավանաբար, դրանով պայմանավորված են իրենք գնահատում, որ ռիսկայնությունը մեծանում է: Սակայն, եթե իրականում ներդրումներ լինեն, ինչո՞ւ պետք է ռիսկայնությունը մեծանա: Լավագույն դեպքում Արևմուտքի և Արևելքի ներդրումների հարաբերակցության առումով տարբերություն կլինի: Բայց Հայաստանի նման փոքր երկրի համար ի՞նչ տարբերություն: Կարևորը՝ ներդրումներ լինեն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից մեզ մոտ ներդրումները, մինչև անգամ՝ ոչ մեծ ծավալի, արդեն բավականաչափ կարևոր են մեր երկրի համար:
– Կարծում եք՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ ապահովել ներդրումների հոսք Հայաստան:
– Կարեն Կարապետյանին նման երաշխիքներ պետք է տված լինեին Ռուսաստանից՝ ամենաբարձր մակարդակով: Եթե հանկարծ տված չլինեին, Կարապետյանը պարզապես հարմար չէր գտնի այս դժվար, բարդ իրավիճակում ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:
– Իսկ Ռուսաստանին ինչո՞ւ էր անհրաժեշտ Հովիկ Աբրահամյանին փոխարինել Կարեն Կարապետյանով, դրանով ի՞նչ խնդիր են լուծում:
– Այստեղ խնդիրն այն չէ, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր ինչ-որ բացասական քայլեր կատարել Ռուսաստանի նկատմամբ, իսկ Կարեն Կարապետյանը՝ չի անի, ո՛չ, պարզապես գործի բերումով, հանգամանքների բերումով, շրջանառության առումով՝ Կարեն Կարապետյանի ներդրումային պոտենցիալը կարող է ավելի նկատելի և զգալի լինել: Ես այդպես եմ պատկերացնում: