Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է «Իսկանդերները». haqqin.az
Ադրբեջանական haqqin.az պորտալն անդրադարձել է երեկ Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձին, որի ժամանակ ցուցադրվել են Հայաստանի ԶՈՒ սպառազինությունները:
Պորտալը գրում է, որ ռազմական շքերթի փորձի ժամանակ ցուցադրվել են նորագույն սպառազինությունները, որոնք Հայաստանն ստացել է Ռուսաստանից: Խոսքը մասնավորապես «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի մասին է:
Նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներով անցել են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` 90 կմ հեռահարությամբ, «Բուկ Մ2» զենիթահրթիռային համալիրներ, արդիականացված «Պեչորա-2Մ2»-ներ: Շքերթի ևս մեկ նորույթներից է եղել ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» միջոցը:
Կայքը գրում է, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես ձեռք է բերել սպառազինությունների նոր տեսակներ, սակայն դեռ չի հաղորդվում, թե խոսքն ինչ սպառազինությունների մասին է: