Մեկնարկեց ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 12-րդ ուսումնական տարին

Այսօր տրվեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) ուսումնական տարվա մեկնարկը: Այս տարի ՔԴԵԴ-ը, արդեն 12-րդ տարին անընդմեջ, ընդունեց իր 12-րդ դասարանի մասնակիցներին:

ՔԴԵԴ-ի նոր ուսումնական տարվա անդամներին ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար (ՔԴԵԴ շրջանավարտ) Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի պլանավորման քաղաքականության տնօրեն Մաթիաս Գրուդենը, Մայր Աթոռի միաբան, ՔԴԵԴ շրջանավարտ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Հանդիսավոր պայմաններում Եվրոպայի խորհրդի կողմից շնորհված դիպլոմներ ստացան նաև 10-րդ դասարանի մասնակիցները։

Շավարշ Քոչարյանը ողջունելով ներկաներին՝ հույս հայտնեց, որ դպրոցի շրջանավարտները պետք է լինեն այն էլիտան, որն անհրաժեշտ է այս դարում։

«Դա վերաբերում է և՛ քաղաքական դաշտին, և՛ բիզնեսին, և՛ հումանիտար ոլորտներին»,- ասաց նա՝ մաղթելով, որ դպրոցի շրջանավարտներն իրենց ուրույն տեղը  զբաղեցնեն Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը, որքան կարևոր է ներքին մոբիլիզացիան»,- շեշտեց նա։

Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին՝ նշեց, որ դպրոցը գաղափարների, տեսակետների ներկայացման, քննարկումների և բանավեճերի միջոցով հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել հղկման և հստակեցման կարևոր ձիրք։

«Սա հիանալի տեղ է, որտեղ դուք կարողանում եք ոչ միայն՝ ձեր գաղափարները, ձեր մոտեցումներն իրականացնել, այլև երկխոսության, բանավեճի միջոցով հղկել դրանք՝ առանց ստորադասվելու կամ գերագնահատելու ձեր տեղն ու դիրքը։ Սա սկզբունքային է, որովհետև հաճախ մեր շրջապատում հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ լավ գաղափարներ, մոտեցումներ ունեն, բայց խուսափում են ինչ-որ միջավայրում քննարկման առարկա դարձնել կամ հայտնել սեփական տեսակետը»,- կարևորեց նախարարը։

ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանն իր խոսքում նշեց, որ անցած տարիների ընթացքում դպրոցի առաքելությունը չի փոխվել, և ամեն տարի շրջանավարտներն այն ավարտում են՝ ստանալով նոր գիտելիքներ։

«Առաջին գաղափարը, որը բյուրեղացել է 12 տարիների ընթացքում, և, ցավալիորեն, ոչ ոք այդ մասին չի խոսում, արդիական Հայաստանն է։ Այդ գաղափարն այս դպրոցում բյուրեղացել է։

Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, և տեսնել, թե աշխարհում ինչ դրական փորձ գոյություն ունի, որով անցել են մյուսները։ Դպրոցի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ամենաբարեկեցիկ հասարակությունների մեծ մասը Եվրոպայում է, և այն արժեհամակարգերը, որոնք կան, թե ինչպես կարող է տեղայնացվել հայկական ավանդույթների համադրմամբ և թե ինչպես կարող են կիրառվել մեզանում»,- հավելեց Արմեն Զաքարյանը։

ԵԽ հովանու ներքո գործող դպրոցը բացվել է 2005 թվականին: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից երևանյանն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:

Տեսանյութեր

Լրահոս