«Սիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել». արաբագետ
Սիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել: Հայաստանը Սիրիայի հարցում պետք է ակտիվ օգտագործի դիվանագիտական լծակները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթին:
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց: Եթե հայտարարությունից հետո արդեն գործնական քայլեր լինեն, ապա մենք ականատես կլինենք ինչպես հումանիտար նպատակներով ցուցաբերվելիք օգնությունը հայ համայնքին տրամադրելու գործընթացին, այնպես էլ անվտանգության հարցում երաշխիքներ ստանալուն` համագործակցելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Քանի որ Հալեպում Իրանը բավական ակտիվ է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով, սիրիական հակամարտության հարցի հետ կապված հայկական համայնքն առանձնացել է կառուցողական մոտեցմամբ և միշտ կողմնակից է եղել, որ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման կամ բանավեճի փուլ: Այս համատեքստում, ըստ նրա, հայկական համայնքը կարող է իր ներդրումն ունենալ, սա նաև բարձրացնում է հայկական համայնքի կշիռը: