«Ցանկացած կառավարություն, որը կուզենա Հայաստանում դրական տեղաշարժեր անել, դատապարտված է աշխատել մահապարտի ռեժիմով». Հարություն Մեսրոբյան
«Այս կառավարությունը Հայաստանում չունի որևէ համակարգային հենարան։ Եթե կառավարությունը մտադիր է շատ լուրջ փոփոխություններ անել, ուրեմն՝ արդեն այսօր ամբողջ չինովնիկական դաշտ ներքին սվիններով է ընդունում փոփոխությունները։ Ընդ որում՝ սա չի նշանակում, որ չինովնիկների մեջ դրական կերպարներ չկան, բայց ընդհանուր՝ որպես դասակարգային շահերի արտահայտում, չինովնիկները դեմ կլինեն լուրջ փոփոխություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նրա հաշվարկներով՝ բյուրոկրատական համակարգի կառուցվածքը կարելի է կրճատել 3 անգամ, իսկ ամբողջ չինովնիկական դասը՝ մոտ տասն անգամ. «Հասկանում եք՝ ինչ քանակի մարդիկ են դեմ այս փոփոխությանը»։
Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ կուսակցությունները ևս դեմ կլինեն փոփոխություններին. «Իշխող կուսակցությունները դեմ են, որովհետև այն ժամանակ իրենց գործունեության բուն իմաստն է սկսում կորչել։ Քանի որ իշխանության հետ շաղկապված է օլիգարխիան, իսկ կառավարության լուրջ աշխատանքն անպայման պետք է հանգեցնի ստվերի դեմ պայքարին, ինչի մասին նաև հայտարարվեց, և սա նշանակում է, որ ամբողջ չինովնիկա-օլիգարխիական դասն էլ է դեմ փոփոխություններին։ Նոր ընդդիմությունը ևս չի ցանկանա, որ այս կառավարությունը հաջողի, որովհետև իրենց հռետորաբանությունը կես տարի հետո լինելու է կիսով չափ ավելի թույլ։ Ծայրահեղ ընդդիմությունը ևս իրականության մեջ դեմ է փոփոխություններին, ինչքան էլ որոշ խմբեր ամպագոռգոռ հայտարարություններ անեն. առավել ևս իրենց համար պետք չէ, որ այսօր սկսի հաջողել Հայաստանը։ Եթե լոյալ ընդդիմությանը դա ձեռք չի տալիս, ապա ծայրահեղ ընդդիմությանն ընդհանրապես ձեռք չի տալիս, որովհետև եթե Հայաստանն սկսեց ծաղկել, ծայրահեղականությունն ի՞նչ գործ ունի մեր քաղաքական և քաղաքացիական դաշտում»։
Կառավարման փորձագետն ընդգծեց, որ գետերություններին նույնպես պետք չէ հզոր Հայաստան. «Օրինակ՝ կարող է այս պահին պետք լինի Ռուսաստանին, որ Հայաստանը թեկուզ կոսմետիկ լավ երևա, իսկ Արևմուտքին դա պետք չէ, կամ՝ հակառակը։ Աշխարհի բոլոր գերտերություններին առեավել ևս այս տարածաշրջանում պետք չէ հզոր զարգացող մեկ այլ պետություն, որն անընդհատ խառնելու է իրենց խաղաքարտերը»։
Հ. Մեսրոբյանի դիտարկմամբ՝ ժողովուրդն էլ այսօր հենարան չէ լուրջ փոփոխությունների այն պարզ պատճառով, որ 25 տարի է՝ հավատը կորած է, որ որևէ փոփոխություն հանգեցնելու է որակապես նոր, ավելի զարգացած իրավիճակի. «Հետևապես, կառավարության համար հենարան գոյություն չունի։ Ցանկացած կառավարություն, որը կուզենա Հայաստանում դրական տեղաշարժեր անել, դատապարտված է աշխատել մահապարտի ռեժիմով»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: