Բաժիններ՝

«Վերջին բնակիչը»՝ մեծ էկրանին

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 17-ից կբարձրանա մեծ էկրան: Այն կցուցադրվի Երևանի երեք կինոթատրոններում ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմասթար»: «Երևանյան ցուցադրությունից հետո նախատեսված է ֆիլմը ներկայացնել նաև Հայաստանի մարզերում և Արցախում»,-«Արմենպրես»-ին հաղորդեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 17-ին հեղինակավոր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Ռեժիսորը հավատում է, որ երիտասարդությունը և վաղվա օրով մտահոգված մարդիկ, ովքեր ուզում են ապրել և արարել Հայաստանում, կգան դիտելու ֆիլմը: «Կինոնկարի ասելիքը և գաղափարը մտածող, մաքառող մարդու համար է. դյուրամարս ֆիլմերի սիրահարները դժվար կընկալեն այն»,-ասաց ռեժիսորը:

Ֆիլմում ընդգրկված են հանրության սերը վայելող բազմաթիվ հետաքրքիր դերասաններ՝ Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկսայտե Պետրուլենեն և այլք:

Ռեժիսորի խոսքով՝ հայկական ֆիլմերի համար պատասխանատու է և՛ հանդիսատեսը, և՛ռեժիսորը, և՛ մամուլը: «Եթե 20 տարի հետո մենք ունենանք այն կինեմատոգրաֆը, որն ունենք այսօր, ուրեմն մեղավոր ենք բոլորս: Ստեղծագործող մարդը պետք է որակյալ կինո նկարի՝ լավ ձայն, հնչողություն, լավ պատկեր, լավ սցենար, որպեսզի հանդիսատեսը խաբված չզգա իրեն: Անհրաժեշտ է վերականգնել հանդիսատեսի հավատը կինոյի նկատմամբ»,-ընդգծեց Ավետիսյանը:

Ֆիլմի երաժշտության հեղինակը ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն է:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս