«Վախը հոյակապ գործիք է Ռուսաստանի ձեռքին». Լիլիթ Գևորգյան
«Բոլոր հարցերում Երևանը լուրջ թերհաշվարկ է արել»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բռնկման հավանականությանը։
Նա նշել է, որ պատերազմի վտանգը մեծ է, բայց նաև չպետք է մոռանալ, որ նման լարված վիճակը կարող է երկար շարունակվել, քանի որ վախը հոյակապ գործիք է Ռուսաստանի ձեռքին:
«Հետաքրքիր է, որ հողերի հանձնման խոսակցությունը լայն հնչեղություն ունի Հայաստանում, բայց քիչ է խոսվում Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրացիայի մասին, և, թե ինչպես է այն թուլացնում Հայաստանի պետականությունը, ուստի՝ լուրջ կասկածի տակ դնում նաև ԼՂ-ի ապագան: ՀՀ բանակն իր պետականության ամենակարևոր կառույցներից է, և ցանկացած քայլ՝ այս կառույցը փոխելու, լուրջ հետևանքներ կունենա:
Պատերազմի սպառնալիքն օգտագործելն Ալիևի համար ևս շատ օգտակար է: Ապրիլյան պատերազմը լրջորեն ամրապնդեց Իլհամ Ալիևի ներքաղաքական դիրքերը, քանի որ նա առաջին նախագահն է, որ կարողացավ փոքր, բայց որոշ տարածքներ գրավել:
Նա ցույց տվեց, որ հայկական բանակն անպարտելի չէ, և, որ չնայած կաշառակերության մեղադրանքներին, ամեն դեպքում՝ ադրբեջանական բանակը լրջորեն վերազինվել է վերջին տարիներին: Այս հաղթական մթնոլորտը, նաև դիվանագիտական հաջողությունները Իրանի և Ռուսաստանի հետ, կօգնեն Ալիևին առաջիկա հանրաքվեում: Բայց մեծացել են նաև ադրբեջանցիների ակնկալիքները և պատերազմով հարցերը լուծելու ցանկությունը, միևնույն ժամանակ՝ տնտեսական խնդիրներն են խորացել, ինչը կարող է դրդել Ալիևին հերթական ռազմական գործողությանը: Պատերազմի և մեծ կորուստների վտանգը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը կշարունակի իր ներկայիս արտաքին քաղաքականությունը»,- ասել է Լիլիթ Գևորգյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: