«Հայտնվել են նոր փրկիչներ…». Սուքիաս Ավետիսյան

«Կարեն Կարապետյան անձն այն անձերից է, որն ի զորու է իր վրա վերցնելու բեռ և կարողանալու ավելի արագ տեմպերով խթան հանդիսանալ մեր տնտեսության զարգացման և, ընդհանրապես, մեր հասարակության մեջ ծառացած խնդիրների լուծմանը»,- այս կարծիքին է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ բարեփոխումների ժամանակը եկել է։

«Այս տարվա փետրվարի 12-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ելույթից հետո, մեր հասարակությունը սպասում էր այդ ելույթում տեղ գտած դրույթների կյանքի կոչմանը։ Ցավոք սրտի, դա երկար տևեց, որովհետև մենք ունեցանք ապրիլյան պատերազմ, որը  նորից բացահայտեց խնդիրներ տարբեր կառույցներում, և նորից հասարակության մեջ պահանջ առաջացավ օր առաջ անել այդ բարեփոխումները։ Հիմա եկավ ժամանակը, վարչապետի փոփոխություն կատարվեց, որովհետև քաղաքական ուժերին, հանրապետության նախագահին և հենց անձամբ նախկին վարչապետին չէր բավարարում տնտեսության զարգացման, հասարակության զարգացման տեմպերը: Դանդաղ քայլերով առաջ գնալու իրավունք վերապահված չէ մեզ, որովհետև մենք ունենք բազում խնդիրներ և ներքին կյանքում, և, առավել ևս, արտաքին քաղաքական հարթություններում»,- հավելեց Ս. Ավետիսյանը։

Ս. Ավետիսյանի խոսքով՝ շատ լավ է, որ մեր հասարակության մեջ որոշակի հավատ կա անձի նկատմամբ։

«Ես արդեն երրորդ օրն է՝ ուշի ուշով հետևում եմ հեռուստատեսություններին, մամուլին… Հայտնվել են նոր փրկիչներ, այնպիսի բաների մասին են խոսում, որ մտածում ես՝ այդ մարդիկ այս 20 տարին այս երկրում չեն ապրել, ընդ որում, մարդիկ, որոնք ղեկավարներ են եղել, հիմա էլ կառույցներ են ղեկավարում»,- ասաց Ս. Ավետիսյանը՝ նշելով, որ այդ մարդիկ և ընդդիմադիր, և իշխանական դաշտից են, բայց անուններ չնշեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս