Դատաբժշկական փորձաքննությունը կասկածի տակ է առել կալանավայրում մահացած Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը. ՀՔԱՎ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննիչ Գ. Մկրտչյանի՝ 2016 թ. հունիսի 30-ի որոշմամբ կասեցվել է:
Քննիչը որոշումը հիմնավորել է նրանով, որ գործի նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, սակայն չի պարզվել այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Հետաքրքրական է, որ քննիչն այսպիսի որոշում է կայացրել այն դեպքում, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշական փորձաքննության եզրակացությամբ էլ չի հաստատվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը: Եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Մ. Սարգսյանը կարող էր ինքնասպանություն գործել ինչպես իր իսկ կողմից կախվելու միջոցով, այնպես էլ, չի բացառվում, մեկ այլ անձի կողմից»:
Քննչական մարմինը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել ինքնասպանության վարկածը հաստատելու կամ ժխտելու ուղղությամբ, այլև բավարար է համարել իրականացված քննչական և դատավարական գործողությունները՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան «պատճառաբանված» որոշում կայացնելու համար: Քրեական գործը կասեցնելու քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է՝ կասեցման որոշում կայացնելու բավարար և անհրաժեշտ հիմքերի բացակայության հիմքով: Ելնելով քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման բովանդակությունից՝ Տ. Սիրադեղյանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բավարար չեն՝ հանգելու հետևության, որ Մ. Սարգսյանը կյանքից զրկվել է ինքնասպանություն գործելու հետևանքով:
Բողոքով ներկայացվել են նաև այն քննչական և դատավարական այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել՝ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերման նպատակով: Այդ թվում՝ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Մ. Սարգսյանն իր անձնային որակներով և առանձնահատկություններով առհասարակ կարող էր ինքնասպանություն գործել, արդյոք տվյալ իրավիճակում նա կարող էր ինքնասպանություն գործել, թե ոչ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ