
«Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը եղել է Մոսկվայից». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը եղել է Մոսկվայից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ Կ.Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է մի ընկերություն, որը գործել է՝ ոչ Հայաստանի շահից ելնելով, կուտակվել են պարտքեր, որոնց դիմաց ՀՀ կառավարությունից խլվել են վերջին բաժնետոմսերը:
«Եթե նայենք՝ ինչպիսի գործունեություն է այստեղ ունեցել «Գազպրոմը» և նրա ղեկավարությունը, ապա ամեն ինչ պարզ է»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնում կցանկանար տեսնել այն անձին, ով կհրապարակեր համակարգային փոփոխությունների ծրագիր և պաշտոնի կգար արդար ընտրությունների միջոցով, ոչ թե ստվերային պայմանավորվածությունների արդյունքում: Փոստանջյանը հրաժարվեց անուններ նշել, նաև մերժեց իր թեկնածությունը` «ես դրան պատրաստ չեմ»:
Անդրադառնալով նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Զ. Փոստանջյանը նկատեց, որ ակնհայտ է, որ նոր դատախազը չի ծառայելու ժողովրդին, և երկրում ոչինչ չի փոխվելու, քանի որ չի կարելի տնտեսություն զարգացնել, եթե իրավապահ համակարգը չի ծառայում ժողովրդին. «Հայաստանում գործում է ավտորիտար մի համակարգ, որը երևաց նաև դատախազի ընտրության ժամանակ»: