Ինչ միջոցներով է Նարեկ Սարգսյանը մեկնել արտասահմանյան գործուղումների. պարզաբանում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել` հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Սեպտեմբերի 8-ից հետո ո՞ր նախարարն է պարապուրդի մատնվել» վերտառությամբ հոդվածում թերթի լրագրողը հղում կատարելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նյութին նշել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 7-9-ը աշխատանքային այցով գտնվել է Բրազիլիայում ՀՀ դեսպանատան շինարարության ընթացքին հետևելու նպատակով:

Հարկ է նշել, որ նյութը կայքում տեղադրվել է նախարարի Հայաստան վերադառնալուց հետո առաջին իսկ աշխատանքային օրը (սեպտեմբերի 10-11` հանգստյան օրեր, 12-ը` մեռելոց):

Ինչ վերաբերում է Բրազիլիա կատարած այցին, ապա այն ամբողջությամբ իրականացվել է հրավիրող կողմի` բարերար Բուրմայան ընտանիքի հաշվին:

Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին»:

Տեսանյութեր

Լրահոս