Հրապարակվել է Հռոմի պապի՝ Վրաստան և Ադրբեջան այցելության օրակարգը
Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Վրաստան և Ադրբեջան այցելության օրակարգը։
Հայտնի է, որ Հռոմի պապը օգոստոսի 30-ին կայցելի Վրաստան, այնուհետ կմեկնի Ադրբեջան։
Վատիկանի ռադիոյից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայում, որտեղ տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետ Հռոմի պապը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ և նախագահական նստավայրում կհանդիպի երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Նախատեսված է նաև Հռոմի պապի հանդիպումը Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ։ Առաջին օրվա այցելությունը կսահմանափակվի Սուրբ Սիմեոնի եկեղեցի այցելությամբ և ասորի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։
Հոկտեմբերի 1-ին պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար և պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում։ Հանդիպումներ են նախատեսված նաև տեղի կաթոլիկ հոգևորականների հետ, որից հետո սրբազան քահանայապետը կայցելի Քամիլյան միաբանության խնամակալության կենտրոն՝ հանդիպելու տեղի աշխատակիցների հետ։ Այնուհեը Հռոմի պապը կայցելի Մցխեթի պատրիարքարան աթոռանիստ եկեղեցի։
Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու, օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Հռոմի պապը պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Մարիամի Անարատ հղության տաճարում, այնուհետ կճաշի Սալեզյան միաբանության անդամների հետ։
Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի նախագահի նստավայրում տեղի կունենա Հռոմի պապի հանդիպումն Իլհամ Ալիևի, երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Սրբազան քահանայապետը Հեյդար Ալիևի անվան մզկիթում կհանդիպի նաև Կովկասի մուլուսմանների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի, Բաքվի օրթոդոքս եպիսկոպոսի և հրեաների համայնքի ղեկավարի հետ։
Հռոմի պապի հրաժեշտ կտա Բաքվին տեղի ժամանակով ժ. 19.15-ին։
Վատիկան ժամանումը նախատեսված է երեկոյան ժ․22.00-ին։
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։
Փաստացի, Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։