«Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է». Էջմիածնում լարվածությունը մեծանում է. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում:

Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը:

– Պարոն Թումանյան, քարոզարշավի սկզբում մի փոքր լարվածություն կար Էջմիածնում, հիմա նորմա՞լ է ընթանում:

– Մեր աղջիկներին ուզեցել են ահաբեկել, գումար են առաջարկել՝ իրենց կողմն անցնելու համար, բայց մեր աղջիկները պինդ կանգնած են:

– Աղջիկներ ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Դե շտաբի աշխատողներին, քարոզարշավ կատարողներին:

– Խոսակցություն կար անձնագրերի տվյալներ հավաքելու մասին: Կա՞ նման բան:

– Անձնագրեր հավաքում են, այո, արդեն խոսակցություն կա՝ գումար են բաժանում՝ 10 հազար դրամ:

– Մեկ ձայնի համա՞ր 10 հազար:

– Հա, մի ձայնի համար: Որ 4 տարվա ես բաժանում՝ ամիսը 200 դրամով ուզում են ձայն առնել: Չնայած այստեղ անապահով խավը շատ է, դրա վրա էլ են աշխատում:

– Իսկ ձեզ սիրո՞ւմ են:

– Ես չեմ ասի իմ համար գժվում են, բայց իր հետ համեմատած՝ այո: Տարիների ընթացքում իրենց թալանն են անում:

– Թալա՞ն են անում:

– Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում …էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք եւ այսպես:

– Լարվածությունը գնալով կմեծանա, դուք պատրա՞ստ եք մինչեւ վերջ գնալու:

– Մեծանում է՝ մեծանա, մենք կորցնելու բան չունենք, իրնք ունեն: Ես չեմ կարող հետ գնալ կամ հրաժարվել, որովհետեւ դա նաեւ իմ թասիբի, նամուսի հարցն էլ է: Էսօր չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ է Էջմիածինը: Պիտի ապրեիք, որ իմանայիք ինչ վիճակում է ապրում էջմիածինցին:

– Միջամտո՞ւմ է Մանվել Գրիգորյանը:

– Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է: Հիմա էլ ելույթ է ունենում, որ քառօրյա պատերազմից Արթուր Թումանյանը փախել է, իրեն չընտրեք: Ես պատերազմից ո՞նց կփախնեմ: Կամ դու գնացիր պատերազմ ի՞նչ արիր: Հեր ու տղա սելֆի արիք, թալան արիք, էն ՈՒԱԶ-ներն էլ որ պիտի թողեիք դիրքերում զինվորները քշեին, վերցրել, բերել լցրել ես ձեր տունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս