Բաժիններ՝

«Մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետև այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է պարունակում». Արման Սահակյան

Այսօր Ազգային ժողովում նիստի ընթացքում պատգամավոր Թևան Պողոսյանը Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց Մարզահամերգային համալիրի  և երիտասարդական պալատի ճակատագրերով։

Ա. Սահակյանը նշեց, որ Մարզահամերգային համալիրի համար ժամանակին ներդրող կար, բայց գումարները չվճարելու պատճառով՝ իրենք գույքը հետ վերցրեցին. «Հիմա կարգավիճակը՝ պետական, ոչ առևտրային կազմակերպություն է՝ մեր գերատեսչության ենթակայության տակ։ Բավականին  ինտենսիվ աշխատում է այսօր Մարզահամերգային համալիը։ Ես պետք է ասեմ, որ Մարզահամերգային համալիրն աշխատում է 2-3 ամիս, որովհետև համերգները լինում են կամ գարնանը, կամ աշնանը, այդ վճարների արդյունքում մենք կարողանում ենք իրականացնել պահպանման ծախսերը և մի փոքր էլ պետբյուջեից ենք հնարավորություն տվել, որպեսզի աշխատավարձերի չվճարման արդյունքում պարտքեր չկուտակի Համալիրը։ Գիտեք, որ  շարժական գույքի մասով սնանկացման գործընթաց կար, առանց դրանց՝ մարզահամերգային համալիրը չի կարող գոյատևել, և կարծում եմ՝ պետությունն առաջիկա կառավարության նիստերից մեկում կմասնակցի այդ սնանկության գործընթացում ներկայացված աճուրդին, և այդ շարժական գույքը կգնի Մարզահամերգային համալիրի համար»։

Ա. Սահակյանը գտնում է, որ Մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետև, նրա խոսքով,  այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է պարունակում։

«Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատին, այստեղ ոչ մի ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև ինքը սնանկացման գործընթացով է գնացել, և գնորդը ոչ մի տեսակի  պարտավորություն չունի, այսինքն՝ մեր գերատեսչության միջոցով  այս գործարքը տեղի չի ունեցել, ուղղակի սնանկացման գործընթաց է եղել»,- նշեց Ա. Սահակյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս