«Այսօր միայն մեկ փաստաթուղթ ունենք». Շավարշ Քոչարյան
«Ըստ էության՝ այն հանգամանքը, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, հենց դա էլ պատճառն է, որ իրականում բուն բանակցային գործընթացում արդեն չի կարող առաջընթաց լինել։ Այնպես որ՝ ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելով»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր «տարածքների վերադարձ՝ կարգավիճակ դիմաց» հնարավոր տարբերակի մասին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Նա որևէ նոր բան չի ասել։ Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»։
Նրա խոսքով՝ այժմ քննարկման առարկա է այն հանգամանքը, որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, վերջ դրվի դիվերսիաներին, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից, ուժեղացվեն մոնիտորինգային խմբի կարողությունները, «որովհետև շատ ակնհայտ է՝ առանց դրա՝ խոսել ընդհանրապես բանակցային գործընթացի մասին անհնարին է».
«Երկրորդ հանգամանքը, որ չափազանց կարևոր է՝ խնդիրը կայանում է նրանում, որ այո՛, Մադրիդյան սկզբունքներն իրենց էության մեջ ենթադրում էին փոխզիջումներ, որոնց մեջ մտնում էին և՛ տարածքների հարցեր, և՛ կարգավիճակի։ Սակայն Ադրբեջանի կողմից նախաձեռնված ապրիլյան այս ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մտածել այդ բոլորի մասին, որովհետև ժամանակին եղել էր շատ լուրջ, այսպես ասած, զիջում՝ բանակցությունների համար որպես հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ հետաձգված հանրաքվեն, որոհետև այն ժամանակ միջնորդները շատ հստակ հիմնավորում էին, որ հետաձգված հանրաքվեի իմաստը կայանում է նրանում, որպեսզի Բաքվի իշխանությունը կարողանա իր ժողովրդին նախապատրաստել այն մտքին, որ անխուսափելի է, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք այդ ժամանակն օգտագործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ. այդ տեսակետից արդեն հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն նայել նախկինում կատարված համաձայնությունները, բայց միևնույն է՝ ինչ վերաբերում է հարցի կարգավորման շուրջ բուն բանակցային գործընթացին, դա շաղկապված է, և չի կարող առաջընթաց լինել, նորից եմ կրկնում, առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչվելու»։
Նա նշեց, որ այսօր միայն մեկ փաստաթուղթ ունենք, որը երեք կողմերից երկուսը ընդունել են, այն էլ՝ որպես հիմք բանակցությունների համար. խոսքը Մադրիդյան փաստաթղթի մասին է։ «Ղարաբաղը՝ որպես հիմք, Մադրիդյան փաստաթուղթը չի ընդունել»,- ասաց նա։ Շավարշ Քոչարյանն ասաց, որ այսօր առաջնայինը բանակցություններն են, որոնք պետք է ամրապնդեն կրակի դադարեցման ռեժիմը և կյանքի կոչեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։