Սիրիական գործարքն ուժեղացրել է տարաձայնություններն ԱՄՆ վարչակազմում․NYT
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև, գրում է The New York Times-ը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կասկածներ ունի ահաբեկիչների դեմ պայքարում ռուս-ամերիկյան պլանի նկատմամբ։ Նա պաշտոնյաներից մեկն էր, ով դեմ էր հանդես գալիս գործարքին Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի։
Երկար ժամեր տևող քննարկումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն էր տվել համաձայնագրին, սակայն Պենտագոնը մնացել էր իր կարծիքին։ Ավելին, Պենտագոնի աշխատակիցները մինչ օրս չեն հաստատել՝ արդոք կատարելու են համաձայնագրի իրենց մասը, եթե Սիրիայում հրադադարը տևի 7 օր։
Ինչպես բացատրում է պարբերականը, նրանց խնդիրն է կազմակերպել ռուս-ամերիկյան հաջորդ համագործակցությունը, որը ենթադրում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Մոսկվային հայտնելու են տեղեկություններ ԴԱԻՇ-ի օբյեկտների մասին։
«Ես չեմ ժխտի կամ հաստատի։ Վաղաժամ կլիներ հայտարարել, որ մենք միանգամից կընդգրկվենք այդ գործընթացում»,- հայտարարել է գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Լ․Հարիջիանը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության պետը։
Սպիտակ տան մի շարք ներկայացուցիչներ նույնպես կասկածներ են հայտնել պլանի ապագայի նկատմամբ, ասվում է հոդվածում։
Պարբերականի կարծիքով՝ Քերիի և Քարտերի միջև տարաձայնություններն արտացոլում են հակասությունները, որ բնորոշ են Սիրիայում Օբամայի կուրսին։