Լավրովն ու Քերին պայմանավորվել են Սիրիայում հրադադարը երկարաձգել ևս 48 ժամով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են երկարաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով, հայտնում է Reuters-ը։
«Նրանք եկել են համաձանության, որ, ընդհանուր առմամբ, չնայած հատուկենտ խախտումներին, համաձանագիրը պահպանվում է և բռնությունները զգալի քիչ են»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։
Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում Լավրովն ու Քերին համաձայնության են եկել երկարաձգել հրադադարի ռեժիմը։
Նշվում է, որ դա անհրաժեշտ է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Գործակալությունը հայտնում է նաև, որ 48-ժամյա հրադադարի շրջանում, որը սահմանվել է սեպտեմբերի 12-ից, չի գրանցվել խաղաղ բնակչի մահ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ճնշում գործադրել Սիրիայում հակամարտության կողմերի վրա՝ հրադադարի ընթացքում մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։