Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է յոթ երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Այս մասին հաղորդում են «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ: Սեպտեմբերի 8-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում տեղի է ունեցել 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.3) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Զաքաթալա քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 9-ին Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 74 կմ դեպի հյուսիս-արևելք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) ստորգետնյա ցնցում: Այդ օրը 2 երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևելք` 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) և 48 կմ դեպի հյուսիս-արևելք` 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3): Նույն օրը Վրաստանի Ծնորի քաղաքից 31 կմ դեպի հյուսիս գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 4 բալ (մագնիտուդ 3.0): Սեպտեմբերի 10-ին Թուրքիայում՝ Էրզրում քաղաքից 80 կմ դեպի արևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որին ժամեր անց հետևել է 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրորդ ցնցումը:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Սեպտեմբերի 8-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել Ավստրալիայի հարավում` Մաքուորի կղզու մոտակայքում: Մյուս երեք երկրաշարժերն ունեցել են 6.0 մագնիտուդ: Սեպտեմբերի 10-ին Պերուի հյուսիսում` Մայոբամբա քաղաքից 51 կմ դեպի հյուսիս, գրանցված ստորգետնյա իրադարձության օջախն ունեցել է 114 կմ խորություն: Սեպտեմբերի 14-ին սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կոլումբիայի հյուսիս-արևմտյան մասում` Անտիոկիա դեպարտամենտում, որն զգացվել է նույնիսկ 600 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Բոգոտայում: Այդ օրը երկրաշարժ է գրանցվել նաև Սողոմոնյան կղզիների ափերի մոտ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Սեպտեմբերի 10-ին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆրիկայի Վիկտորիա լճի մոտակայքում` Տանզանիայի հյուսիսում գտնվող Նսունգա քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել 253-ը, փլուզվել է մի քանի տուն: Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Ռուանդայում, Բուրունդիում, Ուգանդայում և Քենիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս